Ռուսաստանյան Վլադիմիր քաղաքում հունվարի 9-ին տեղի ունեցած Ձմեռ Պապերի հոբելյանական հինգերորդ վազքը մասնակիցների ռեկորդային թիվ է հավաքել: Քաղաքի գլխավոր փողոցով Ոսկե դարպասներից մինչեւ Ուսպենսկի տաճար մորուքով ու խալաթով վազելու էր դուրս եկել ավելի քան 1100 մարդ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է քաղաքային վարչության մամուլի քարտուղար Ալեքսանդր Կարպիլովիչը:
Նրա խոսքով, հենց Վլադիմիրն է համարվում Ձմեռ Պապերի վազքի ավանդույթի հիմնադիրը. ուղիղ հինգ տարի առաջ այստեղ առաջին անգամ նման միջոցառում է ընթացել, որի գաղափարը հետո կիրառել են այլ քաղաքներ, այդ թվում նաեւ Մոսկվան: Մրցումների արդյունքում («ամանորի վերստը» մեկ կիլոմետրից էլ պակաս է կազմել) մրցանակներ են ստացել ոչ միայն ամենաարագաշարժ Ձմեռ Պապերն ու Ձյունանուշները, այլեւ «ամենատարիքայինները» – 4 տարեկան եւ 77-ամյա: Մասնակցության թույլտվություն է տրվել ինչպես խորհրդանշական սրածայր թասակ հագած Ձմեռ Պապերին ու Ձյունանուշներին, այնպես էլ «կախարդներին», որոնք մեկնարկի էին դուրս եկել թաղիքե ոտնամաններով եւ խալաթներով: Ձյունանուշներից մեկը եկել էր հյուսիսային եղջերուի պես զարդարված շան հետ:




























