Ամանորյա օրերին հանրապետությունում  676 արտակարգ դեպք է գրանցվել: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ՏԿԱԻՆ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը` նշելով, որ հանրապետությունում այս տարի 2015թ.-ի համեմատ 250-ով ավելի արտակարգ դեպք է  գրանցվել: Ըստ նրա` արտակարգ դեպքերի աճը պայմանավորված է եղել եղանակային պայմաններով` ձյան, բքի, քամու:

Պաշտոնյան նշեց, որ հանրապետությունում գրանցվել է 25 ավրովթար` մեկ զոհով: Հիմնականում բքի եւ ձյան պատճառով գրանցվել է   մեքենաների արգելափակման 234 դեպք, որի ընթացքում  3500 մարդ է  դուրս բերվել: Հովհաննես Խանգելդյանի խոսքով, ինտենսիվ տեղումների, բքի ու ուժեղ քամու պատճառով արտակարգ դեպքերի ահազանգերը հիմնականում եղել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերից` շուրջ 10.000 ահազանգ:

Փրկարարները ամանորյա օրերին փակ եւ դժվարանցանելի ճանապարհների պատճառով  հիվանդանոցներ են հասցրել ութ ծննդկանի: Պաշտոնյան նշեց, որ եղել է նաեւ 361 կենցաղային կանչ` հիմնականում պայմանավորված ջրագծերի վնասման հետ, որոնց լուծում է տրվել:

Երեւանում 336 արտակարգ դեպք է գրանցվել, որոնք հիմնականում եղել են կենցաղային կանչեր:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ ամանորյա օրերին հանրապետությունում գրանցված հրդեհների թիվը անցած տարվա համեմատ չի աճել: