Մեր շատ քաղաքացիներ չեն հասկանում` ինչու են նավթի համաշխարհային գները բառացիորեն փլուզվում, իսկ մեզ մոտ բենզինը համարժեքորեն չի էժանանում: Անմիջապես ասենք, որ այդ երեւույթի բացատրության համար անհրաժեշտ` նավթի առեւտրով զբաղվողների (նավթամթերքի միաժամանակ խոշորածախ գնորդների եւ մանրածախ վաճառողների) մասին տեղեկատվությունը չի հրապարակվում: Իբր դա առեւտրական գաղտնիք է:
Դրա համար էլ անհնար է պարզել, թե որ փուլում եւ ինչպես է աճում այդ գինը: Ժողովուրդը համարում է, որ բենզինի վաճառքը առասպելական շահույթ է բերում: Իրենք` նավթի առեւտրականները եւ առանձին բենզակայանների տերերը դա չեն խոստովանում: Ամեն դեպքում` հրապարակայնորեն:
2014-ի տվյալներով (2015-ի տվյալներն առայժմ չեն հրապարակվել), Հայաստան ներմուծված նավթամթերքի մոտ 69 տոկոսը Ռուսաստանից է բերվել: 2015 օրացուցային տարում տարբեր ապրանքանիշերի բենզինը Ռուսաստանում թանկացել է 3,4-ից մինչեւ 6,6 տոկոսով, դիզվառելիքինը` մոտ 2,4 տոկոսով: Գների նման բարձրացումն ինքնին աղետալի չէ: Սակայն շատերին է զարմացնում այն, որ դա տեղի է ունենում աշխարհում նավթի գների փլուզման ֆոնին, այդ թվում` ռուսական:
Տեղեկությունների համաձայն, Ռուսաստանում բենզինի մանրածախ գնի մեջ նավթի մասնաբաժինը նույնիսկ 7 տոկոսի չի հասնում: Այսինքն այդ էներգառեսուրսի ազդեցությունը նվազագույնի է հասցված: Եթե նավթն էժանանա 50 տոկոսով, ռուսական բենզինի գինը կնվազի ընդամենը 3,5 տոկոսով:
Բենզինի գնում գրեթե 60 տոկոս է կազմում օգտակար հանածոների արդյունահանման հարկը (ՕՀԱՀ), ակցիզային հարկը, ԱԱՀ-ն եւ շահութահարկը: Արդյունքում բենզինի վաճառքից առյուծի բաժինը վերցնում է պետությունը: Բենզինի արտահանման դեպքում ԱԱՀ եւ ակցիզային հարկ սովորաբար չի գանձվում: Այդ պատճառով արտահանման գինը մանրածախ գնից փոքր է մոտ 27 տոկոսով (Ռուսաստանի տարածքում): Ընդ որում խոշորածախ գնումը ոչ մի ազդեցություն չի ունենում, իսկ Ռուսաստանից Հայաստան տեղափոխման ծախսերը մեզ համար մեծացնում են բենզինի ինքնարժեքը:
Հայաստանում ռուսական բենզինը հարկվում է ԱԱՀ-ով, ինչպես նաեւ մեկ տոննայի դիմաց 25 հազար դրամ ակցիզային հարկով: 1 տոննան մոտավորապես 1333 լիտր է անում, այնպես որ բենզինի ամեն լիտրը ակցիզի վճարումից հետո թանկանում է ոչ պակաս, քան 19 դրամով: Մայրաքաղաքում բենզինի նոյեմբերյան գնի համեմատ դա 4 տոկոսից մի քիչ ավելի է կազմում: Արդյունքում այդ հարկերի վճարումից հետո բենզինը թանկանում է մոտավորապես մեկ քառորդով: Դրան հավելվում են Հայաստանի տարածքում տեղափոխման ծախսերը եւ մանրածախից ստացվող եկամուտը: Առաջին հայացքից գնում գերշահույթ չկա:
Սակայն մենք պիտի հաշվի առնենք մեկ ոչ պակաս կարեւոր գործոն` ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը: Բոլոր արտաքին առեւտրական օպերացիաները որպես կանոն իրականացվում են այդ տարադրամով: Ժամային տարբերությունը հաշվի առնելով համեմատենք Ռուսաստանում եւ Հայաստանում դոլարի փոխարժեքի դինամիկան անցած տարվա առաջին կիսամյակում:
Այսպես, տարեկան հաշվարկով դոլարը Ռուսաստանում թանկացել է 64 տոկոսով, իսկ Հայաստանում` 16 տոկոսից էլ պակաս: Դա նշանակում է, որ մյուս բոլոր հավասար պայմանների դեպքում ռուսական բենզինը մեր ներկրողի համար էժանացել է 1,64 անգամ: Բայց քանի որ ինքը` ներմուծողը դրամը դոլարի է փոխում Հայաստանում, գնման գինը հարաբերականորեն աճում է 16 տոկոսով: Արդյունքում ռուսաստանյան բենզինի խոշորածախ գինը կարող էր 30 տոկոսով նվազել: Պարզ է, որ այդ դեպքում կնվազի նաեւ պահվող ԱԱՀ-ի գումարը:
Սակայն արդյո՞ք դոլարով գինն իջեցրել են ռուսաստանցի արտահանողները: Իրենք` ռուսաստանցի մասնագետները խոստովանում են, որ բենզինի ներքին գները զսպվում են վարչական ռեսուրսի կողմից: Ռուսաստանից բացի, բենզին ներկրվում է նաեւ այլ երկրներից: Բայց որտեղից եւ կոնկրետ ինչ գներով, անցած տարվա ընթացքում հրապարակված տվյալներ չկան:
Այս հարցերում կարող էր հստակություն մտցնել փաստական տվյալների մանրամասն վերլուծությունը, որ ընկերությունները պահում են յոթ կողպեքի հետեւում: Սակայն մեզ մոտ գործում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որն անհրաժեշտ տեղեկություններ ունի ռեեստրում գրանցված տիրապետող տնտեսական սուբյեկտների վերաբերյալ: Թող ուսումնասիրի այդ տվյալները շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ միասին: Նման վերլուծության արդյունքների հրապարակումից հետո հանրությունը պատասխան կստանա` բենզինի գները օբյեկտիվ են, թե բարձրացված:
Սմբատ Գրիգորյան



























