2015 թվականի 11 ամսվա արդյունքներով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11,6 տոկոս աճ: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ նախարարության ենթակայության մարմինների եւ կազմակերպությունների ղեկավարները:

«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում,  եւ  այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

 Այս համատեքստում նախարարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել խնայողական ռեժիմների կիրառման, իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց կատարողականների նկատմամբ մշտադիտարկումների անցկացման հարցերին:

 Ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու եւ տնտեսական աճ ապահովելու առումով նախարարն ընդգծել է  նաեւ հանրապետությունում չմշակվող հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման  խնդիրները` առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարեւորությունը:

Այս առումով նախարարը հանձնարարել է պատասխանատուներին  ամենօրյա աշխատանքեր իրականացնել մարզպետարանների եւ գյուղացիական տնտեսությունների հետ` այս հարցում շեշտադրելով հատկապես խորհրդատվական համակարգի  ակտիվ դերակատարումը:

Նախարարը կարեւորել է նաեւ  աշխատանքների ինտենսիվացումը բուսաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում`  կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման,  ջերմոցային տնտեսությունների ավելացման գործում:

Անդրադառնալով անասնապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերին` Սերգո Կարապետյանն առանձնացրել է արհեստական սերմնավորման, տոհմային երինջների ներկրման, սպանդանոցների շահագործման եւ  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ( CARMAC 2) ծրագրի ներքո նախատեսված աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ արտահանումների ավելացման, կոոպերացիայի զարգացման, մթերումների դիմաց վճարումների կատարման, վերամշակողների եւ գյուղացիների միջեւ պայմանագրային հարաբերությունների հաստատման եւ այլ հարցեր:

Պատասխանատուներին տրվել  են առանձին հանձնարարականներ եւ ցուցումներ` իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտների վերաբերյալ: