Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր՝ հունվարի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Արամայիս  Ոսկանյանի հոգեհանգիստը, որին ներկա է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին NEWS.am-ին ասաց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նախարարը Արամայիս Ոսկանյանի ընտանիքին է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նա հետմահու պարգեւատրվել է:

Նշենք, որ Արամայիս Ոսկանյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր, տան միակ որդին, 3 քույր ուներ: Զոհված զինծառայողը սովորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: