Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչը վաղը կհանդիպի Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի պատգամավոր Գեորգի Վոլսկին։

«Վաղը Վրաստան կժամանի SOCAR-ի ներկայացուցիչը։ Կողմերը քննարկելու են մանրամասները։ Հիմնականում խոսքը վերաբերելու է գներին, որոնց համաձայն, լուծվելու է գազի մատակարարման դեֆիցիտի լրացման հարցը։ Ինչպես գիտեք, այս պահին պակասուրդը լրացվում է ռուսական գազի հաշվին»,- ասել է Վոլսկին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Էներգետիկայի նախարարն այսօր վրացի փորձագետների հետ հանդիպմանը պատմել է ռուսական «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին։ Կալաձեի տեղեկություններով՝ խոսքը  գազի պակասուրդը լրացնելու մասին է, եւ այս պահին Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում բանակցել հենց «Գազպրոմ»-ի հետ։