Ադրբեջանի բնակիչը դանակի հարվածով սպանել է քրոջը, եւ իր արարքը բացատրել նրանով, որ քույրը հեռախոսով շատ էր խոսում:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, սպանությունը տեղի է ունեցել Եվլախում: 34-ամյա Վեյս Հուսեյնովը դանակահարել է իր 39-ամյա քրոջը:

«Երիտասարդ կինը դուրս է եկել տնից, որ աշխատանքի գնա: Նա ուսուցչուհի էր աշխատում երաժշտական դպրոցում, որի բակում էլ հենց տեղի է ունեցել սպանությունը: Ահուն երկու երեխաների մայր է, ամուսնալուծված: Ահուի ամուսինը սպանել է իր կնոջ հորեղբորը եւ հայտնվել ճաղերի հետեւում, իսկ որոշ ժամանակ անց նրանք ամուսնալուծվել են:

Ամուսնալուծությունից հետո Ահուն երեխաների հետ տեղափոխվել է հայրական տուն եւ ապրել մոր հետ, իսկ եղբայրը՝ Վեյսը, ապրել է առանձին՝ իր ընտանիքի հետ միասին: Վեյսը երկու երեխաների հայր է:

Սպանության օրը եղբայրը եկել է հայրական տուն եւ սպասել է քրոջը: Նա հետեւել է 39-ամյա կնոջը մինչեւ աշխատավայր եւ դպրոցի բակում, հանելով խոհանոցային դանակը, բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջը»,-հաղորդում է պարբերականը:

Ահուն հենց տեղում մահացել է, իսկ մարդասպանը դիմել է փախուստի:

Օպերատիվ միջոցառումների արդյունքում եղբայրը ձերբակալվել է: Իր ցուցմունքում նա նշել է, որ քրոջն սպանել է խանդից դրդված: Ինձ դուր չէր գալիս, թե ինչպես էր նա իրեն պահում վերջին ժամանակներս: Նա շատ հաճախ էր խոսում հեռախոսով, ես էլ ինչ-որ բան կասկածեցի ու սպանեցի»,-ասել է Վեյսը՝ փորձելով արդարացնել իր արարքը: