2016-ի բանակցային գործընթացում Ադրբեջանին արված հիմնական առաջարկը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմն է: Այդ մասին հունվարի 14-ին Հայաստանի կառավարությունում լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների շրջանակում հանդիպումները զուտ ձեւական բնույթ են կրում, արդեն բավարար է հասկանալու վերաբերմունքը եւ համանախագահներին, եւ կարգավորման սկզբունքներին: Հենց դա է պատճառը, որ կարգավորման գործընթացում տարիներով առաջընթաց չկա, որքան էլ միջնորդները ջանան հնարավորինս հաճախակի նման հանդիպումներ կազմակերպել:
Գիտակցելով, որ կողմերից մեկը, այն է` Ադրբեջանը ըստ էության բանակցությունների քողի տակ շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, առաջարկները կենտրոնացել են այն սկզբունքի վրա, որ սահմանին եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ են անհրաժեշտ` համապատասխան սարքերի առկայությամբ:
«Դա նշանակում է, որ միջնորդներն անհանգստացած են եւ փորձում են նոր ուղիներ առաջարկել: Եթե մենք հաջողության չհասնենք, վաղ թե ուշ մեկ այլ մոտեցում պիտի հասունանա` կամ Ադրբեջանին հարկադրելու, կամ էլ ուղղակի ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու», - հավելել է նա:




























