Ազատամարտիկների ձերբակալության վերաբերյալ վաղը Ազատամարտիկների դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով զինված խմբի գործով ԱԱԾ կողմից ազատամարտիկ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի եւ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալությանը:
Ռազմիկ Պետրոսյանը բոլոր գործերով ազատամարտիկների ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում, քանի որ նրանք իշխանությունների համար խոցելի թիրախ են։ «Վերջին ժամանակներում առավել եւս։ Թեեւ իրավական գնահատականներ դեռ չեմ կարող տալ, սակայն շատ լավ ճանաչելով մեր ընկերներին՝ նրանք չեն կարող իրենց երկրի անվտանգության դեմ որեւէ ոտնձգություն անել»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
Ըստ նրա՝ եթե որեւէ ազատամարտիկ է բռնության է ենթարկվում կամ նրա նկատմամբ որեւէ ոտնձգություն է լինում, հանցանքը իրավապահները չեն բացահայտում, բայց եթե մի միջադեպի կողքով հանկարծ անցած լինի որեւէ ազատամարտիկ, արդեն ձերբակալության որոշումը պատրաստ է։
«Եթե մենք այսօր պատերազմի շեմին ենք ու գրեթե մշտական պատերազմի մեջ, ու այս վիճակում ձերբակալում ենք այդ երկրի հողի համար կռվող մարդկանց, դրանով ի՞նչ ենք ասում մեր սերունդներին, առաջին գծում կանգնած զինվորին։
Կռված տղաները չեն հարմարվում երկրի ներկայիս վիճակի հետ եւ դառնում են թիրախ իշխանության համար։ Կռված տղաներն ինչքան ստոր պիտի լինեն, որ իրենց առողջության գնով ձեռք բերած երկրի դեմ դուրս գան, ես չեմ պատկերացնում նման բան, ես դրանք համարում եմ քաղաքական հետապնդում։ Ուրիշ խնդիր է, որ կարող է իշխանության, կառավարության գործունեության դեմ չարանան, ընդվզեն ստեղծված իրավիճակի դեմ, բայց ոչ պետության անվտանգության դեմ»,-ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ զինված խմբի գործի շրջանակում ձերբակալվել են շուրջ 5 տասնյակ քաղաքացիներ։ Գործի մասին տեղեկությունները սակավ են, փաստաբաններին անգամ արգելված է իրենց պաշտպանյալների ինքնության մասին տեղեկություն տրամադրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում 2015-ի նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Խմբի մեջ եղել են նաեւ կանայք:




























