Մեր ժողովրդի զգալի մասն այսօր բարձրաձայն ասում է, այս իշխանության հարցը միան զենքով, ուժով կարելի է լուծել. այդ տրամաբանության շրջանակում պետք է մեր հասարակության զգալի հատվածին այդ հոդվածներով տանեն փակեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում քննվող զինված խմբի գործի շրջանակներում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալությանը:
Պետրոս Մակեյանը, որը զարմացած է այս ձերբակալությամբ, նշեց, որ Գառնիկ Մարգարյանի հետ շփվել է 15 տարի ու համոզված է, որ նա հայրենասեր մարդ է։
«Գառնիկ Մարգարյանի հետ երեւի 15 տարի տարբեր քաղաքական ֆորմատներով միասին հանդես ենք եկել ու վերջինը Աշոտ Մանուչարյանի նախաձեռնած ֆորմատն էր, ու ես շփվելով նրա հետ՝ մի համոզվել եմ, որ նա հայրենասեր մարդ է։ Իսկ թե այս գործի շրջանակում ինչ ձեւաչափով ու հիմքերով են ձերբակալել, որեւէ բան չեմ կարող առայժմ ասել։ Միայն մի բան ավելացնեմ, որ մեր ժողովրդի զգալի մասն այսօր բարձրաձայն ասում է, այս իշխանության հարցը միան զենքով, ուժով կարելի է լուծել։ Այդ տրամաբանության շրջանակում պետք է մեր հասարակության զգալի հատվածին այդ հոդվածներով տանեն փակեն»,-ասաց Մակեյանը։
Նա տպավորություն է ստացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը մինչ խմբի ձերբակալությունը ուղղորդել է խմբին, տարբեր հանդիպումներ կազմակերպել ու խմբի հետ երբեւէ առնչված մարդկանց այսօր ձերբակալում են։
«Ազգային անվտանգության ծառայությունը, որն ապրիլից վերահսկել է այդ գործընթացը, իրազեկված է եղել խնդրով, ես ենթադրում եմ, որ իրենք ինչ-որ չափով ուղղորդել են այս խմբին եւ փորձել են տարբեր հանդիպումներ կազմակերպել ու ում հետ, որ հանդիպել են, պոտենցիալ դարձել են «հանցակիցներ»։ Այս երկու ամսվա ընթացքում հետեւելով գործընթացներին՝ մի բան ենք հասկացել, որ ով որ հանդիպել է այդ խմբի անդամների հետ երբեւէ, դարձել են պոտենցիալ «հանցակիցներ», սա լուրջ չէ, մեղմ ասած»,-ասաց նա:
Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, այսօր՝ հունվարի 14-ին, ձերբակալվել են՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գեւորգի Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Վերոհիշյալ անձանց բնակարաններում եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու համար:




























