Արտաքին ազդեցության ներքո խարխուսվում է Հայաստանում քաոսը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով զինված խմբի  գործի շրջանակում շարունակվող ձերբակալություններին, որոնց թվում են նաեւ ազատամարտիկներ։

Ըստ նրա՝ եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ ուզում են զենքով  պայքարել երկրում ստեղծված իրավիճակի դեմ, ապա  դրա մեղավորը իշխանությունն է, քանի որ մարդկանց հասցրել է այդ վիճակին։

«Տպավորություն է, որ երկրի ղեկավարությունը կատարել է երկու գործողություն, մեկը, որ երկիրը խայտառակ վիճակի մեջ է, բազմաթիվ հանցագործություններ են կատարել՝ իշխանության զավթում եւ պետական համակարգերի տապալում, տնտեսական վիճակի ծանրացում, եւ այս վիճակում ժողովրդի մեջ արտանետել են մի խումբ, որը զբաղվում է սադրանքով, ըստ էության։ Անգամ եթե համարենք՝ խումբը ազնիվ մարդիկ են ու տեսել են, որ այսպես  հնարավոր չէ ապրել ու ուզում են անգամ  զինված ճանապարհով իրավիճակ փոխել, բայց  իշխանությունը դա իմացել է, ուղեկցել,  սադրել ինչ-ինչ գործողությունների ու այսօր,  ում հետ նրանք այդ ընթացքում  զրուցել են, ձերբակալում են։ Կրկնակի հանցագործություն են կատարում իշխանությունները»,-ասաց Աշոտ Մանուչարյանը։

Նշենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը  զինված խմբի գործի շրջանակում ձերբակալել  է եւս երկու հոգու՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին  եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանին։

«Սա նշանակում է՝ իշխանությունը հանցագործություն է կատարում, ստեղծել է իրավիճակ, որ մարդիկ զինված ճանապարհից բացի այլ ճանապարհ չեն տեսնում։ Տեռորիստական խումբ է իշխանությունը, որը մարտի 1-ին գնադակահարել է ժողովրդին, ուժային ձեւով  զավթել է իշխանությունը, մարդկանցից վերցրել ապրելու հնարավորությունը եւ քշում է նրանց երկրից։ Այս դեպքում քաղաքացիների գործողությունները՝ այդ թվում ուժային, օրինական են»,-նշեց Մանուչարյանը։