Բաքվում դպրոցներից մեկի անվտանգության պահպանության աշխատակցին մեղադրում են մանկապղծության մեջ: Ըստ haqqin.az-ի, Սաբաիլի շրջանի ոստիկանության վարչությունից տեղեկացրել են, որ օրերս աշակերտուհիներից մեկի մայրը բողոք է ներկայացրել: Նա պատմել է, որ հանրակրթական №7 դպրոցում սարսափելի դեպք է տեղի ունեցել:

Երեքշաբթի երեկոյան կնոջ դուստրը՝ 6-րդ դասարանի աշակերտուհի, գնացել է կրտսեր քրոջը դպրոցից բերելու: Պահապանը մոտեցել է միջանցքում կանգնած աղջկան, քաշել դեպի իրեն եւ փորձել համբուրել եւ սեռական բնույթի այլ գործողություններ իրականացնել: Բարեբախտաբար, աղջկան հաջողվել է դուրս պրծնել նրա ձեռքից, իսկ տանը պատահածի մասին պատմել է մորը:

Դեպքի առիթով իրավապահները քրեական գործ են հարուցել, սակայն անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացրած Մ.Մուխտարովը դեռեւս ձերբակալված չէ:

Նա քրեական պատասխանատվության կենթարվի, եթե նրա մեղքն ապացուցվի:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Մուխտարովն անվտանգության պահպանության մասնավոր ծառայության աշխատակից է, որի հետ դպրոցը պայմանագիր է կնքել: