Գնաճը մինչեւ 2017 թվականը հնարավոր է կրճատել՝ հասցնելով 4%-ի: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաեւան: Դրամային քաղաքականությունը փոքր-ինչ ավելի կոշտ կլինի, քան նախկինում էր ենթադրվում: «Իհարկե, գնաճի այդ փոփոխությունների արդյունքի համար 1-1.5 տարի է անհրաժեշտ: Բայց մենք ժամանակ ունենք»,- հավելել է նա:
Ռոսստատի համաձայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Ռուսաստանում գնաճը կազմել է 12.9%:
Պատասխանելով ռուբլու փոխարժեքի տատանումների մասին հարցին՝ Յուդաեւան նշել է, որ եթե մեկ տարի առաջ ռուբլին տատանվում էր, ինչպես նավթի գինը, ապա հիմա այն նկատելիորեն ավելի կայուն է, եւ մեծ միջամտությունների կարիք չկա:
Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը շուրջ 65 էր, մայիսին՝ 49, հիմա՝ գրեթե 77:
Յուդաեւայի խոսքով, նավթի միջին գնի կանխատեսումը՝ 35 դոլար՝ 1 բարելի դիմաց, առաջիկա 3 տարիների համար շարունակում է աշխատանքային մնալ ԿԲ-ի համար:



























