Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը նորացրել է սոցիալ-տնտեսական վիճակի կանխատեսումը, որի համաձայն 2016 թվականին երկրում տնտեսական աճ չի լինի, փոխարենը կլինի ՀՆԱ 0,8 տոկոսի անկում: Այս մասին գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով կառավարության պաշտոնայների, ինչպես նաեւ կանխատեսման պատճենը:

Կանխատեսման նորացված տարբերակում նշված են հետեւյալ ցուցանիշները.

Դոլարի միջին տարեկան փոխարժեքը՝ 68,2 ռուբլի,

Urals տեսակի նավթի գինը՝ 40 դոլար՝ մեկ բարելի դիմաց,

Գնաճը՝ 8,5 տոկոս,

Կապիտալի հոսքը՝ 50 մլրդ դոլար:

Բոլոր այս ցուցանիշները կհանգեցնեն ոչ թե ՀՆԱ 0,7 տոկոսի աճի, ինչպես կանխատեսվել էր ավելի վաղ, այլ՝ 0,8 տոկոսի անկման: Նոր կանխատեսումը կքննարկվի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչը հաստատել է նրա մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալների համաձայն, իրական աշխատավարձը 2016-ին կկրճատվի ոչ թե 0,2 տոկոսով, այլ 3,5, իսկ բնակչության եկամուտները կկրճատվեն ոչ թե 0,7 տոկոսով, այլ 4, իսկ գործազրկությունը կաճի ոչ թե 5,8 տոկոսով, այլ 6,3:

«Մենք պետք է պատրաստվենք վատագույնին, միաժամանակ հիշենք, որ տեղի ունեցող ճշգրտումները ցավոտ են, բայց անհրաժեշտ»,-ասել է դաշնային պաշտոնյաներից մեկը: