Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 16-ին, քննվում է «զինված խմբի» գործով ձերբակալված Վլադիմիր Առաքելյանի եւ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:

Փաստաբանի խոսքով՝ Մարգարյանն ու Առաքելյանն այս պահին դատարանում են:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու,  կազմակերպված խմբի կազմում  զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ,  նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով  եւ 235-րդ հոդվածի  3-րդ մասով:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում՝ պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ։