ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը համարում է, որ այս կերպ քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը:
«Ինքը համարում է, որ քաղաքական հաշվեհարդար է սա: Շինծու ծանր մեղադրանք են նրան առաջադրել: Ձեւական տրամաբանությամբ ձերբակալել են, ստացվում է, որ եթե հանկարծ մարդը այլախոհ է, ընդդիմադիր, պետք է այսպե՞ս գնահատվի»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը նշեց, որ Գառնիկ Մարգարյանը, թեեւ վատառողջ է, բայց ասում է՝ եթե իրեն լավ չզգա էլ, չի ասի. «Ասում է՝ ես սպա եմ, պարտավոր եմ պատվով տանել այս դժվարությունները»:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա այսօր կալանավորվեց:
Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























