ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու համար մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին ձերբակալել են տնից՝ առավոտյան ժամը 6-ի սամանում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա եղբայրը՝ Գագիկ Մարգարյանը:
«Առավոտվա ժամը 6-ին 20 հոգով պարիսպով թռնում են, էդ մարդը՝ կնոջ հետ քնած: 20 հոգով մտել, տակնուվրա են արել տունը, զենք են ման եկել: Ալյուրի պարկի մեջ անգամ զենք են ման եկել»,- ասաց Գագիկ Մարգարյանը:
Գագիկ Մարգարյանի խոսքով՝ եղբոր տնից երկու որսորդական հրացան են գտել, որոնք օրինական են եղել, պատկանել են նրան: Նա նշեց, որ իրենք կարծում են՝ Գառնիկ Մարգարյանին հետապնդում են քաղաքական դիրքորոշման համար եւ սա առաջին դեպքը չի:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա հունվարի 16-ին կալանավորվեց, նա չի ըդնդունում մեղադրանքը: Կալանավորվեց նաեւ նրա հետ ձերբակալված Վլադիմիր Առաքելյանը:
Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:



























