ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը 2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորվել է, առողջական վիճակի պատճառով հրաժարվում է բանտային ամենօրյա զբոսանքից: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, որը այսօր գնացել էր նրան տեսակցության:
«Նրա ձախ ոտքի երակը հեռացված է եւ առողջական խնդիրներ ունի, քայլելիս հնարավոր են սրացումներ: Այնտեղ կա բժիշկ, բայց այդպիսի պայմաններում չեմ կարող ասել, թե ինչքանով է հնարավոր ապահովվել բուժօգնություն»,-ասաց Ոսկանյանը:
Պաշտպանի խոսքով, երեն անհրաժեշտություն լինի, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ին կմիջնորդեն Վահան Շիրխանյանին «Դատապարտյաների հիվանդանոց» ՔԿՀ, կամ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























