Ցածր ջերմաստիճանով բոված սուրճի հատիկներն ավելի օգտակար են առողջության համար: Այս մասին հայտարարել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները:
Կենսաֆիզիկոս Դեն Փերլմանի խոսքով, այդպես բոված կանաչ սուրճի հատիկներն ուժեղացնում են ըմպելիքի՝ առողջության համար օգտակար հատկությունները: Ներկայում մասնագետն այդ կերպ բոված սուրճի հատիկներից ալյուր է մշակում՝ որպես սննդային հավելում:
Ըստ Kedem-ի, բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ սուրճը միանգամայն օգտակար է օրգանիզմի համար: Հարվարդի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 3-5 գավաթ սուրճ ըմպող մարդկանց մոտ 15%-ով ավելի քիչ է վաղաժամ մահվան հավանականությունը: Պատճառը քլորոգենաթթու անվանումով բնական քիմիական միացությունն է: Բայց երբ սուրճի հատիկները բովում են ավանդական եղանակով՝ ըստ Ցելսիուսի 200 աստիճանից բարձր ջերմաստիճանով, 10-15 րոպեի ընթացքում, քլորոգենաթթվի պարունակությունը նվազում է:
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ ավելի ցածր ջերմաստիճանով բովելու դեպքում նշված նյութի պարունակությունը չի նվազում:



























