Այսպես կոչված «բանդայի գործի» շրջանակներում, տեղի ունեցած ձերբակալությունները, հիմնականում ուղղված են, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վարած սխալ կամ ազգադավ քաղաքականության դեմ ըմբոստացող ազատամարտիկներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատամարտիկների դաշինքի» վարչությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս գործելաոճը ավելի շատ նման է պետական դասական տեռորի:    

Իրադարձությունների զարգացման այս սցենարը ենթադրել է տալիս, որ իշխանությունները հետապնդում են պետական ու ազգային շահերին հակասող որոշումներ կայացնելու հեռահար նպատակներ, այդ պատճառով հիմնական թիրախ են ընտրել այդ որոշումներին հնարավոր դիմադրություն ցույց տալու կարող ուժերին:

Հաշվի առնելով  այս իրականությունը ԱԴ-ն գտնում է, որ նույնիսկ, եթե «բանդայի» գործունեության փաստը իրականություն է, ապա դրա հիմնական մեղքն ընկնում է իշխանությունների վրա, որպես հետևանք նրանց վերջին տարիների վարած ապաշնորհ, ավելին՝ հանցավոր թե՛ արտաքին, և  թե՛ հատկապես ներքին քաղաքականության, ինչպես նաև երկրին պարտադրած բարոյա-հոգեբանական մթնոլորտի:

ԱԴ-ն կոչ է անում իշխանություններին զերծ մնալ իրադարձությունների հետագա սրացումից, գործելու բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում և սթափ գնահատելու երկրի ներսում առկա իրավիճակը:

Միաժամանակ փաստում ենք, որ մենք՝ ազատամարտիկներս  մեր ավելորդ հանդուրժողականությամբ ևս ունենք մեր մեղքի բաժինը՝ ներկայիս իրավիճակի համար: Ուստի կոչ ենք անում համախմբվել  և միասին տեր կանգնել ինչպես մեր պետության, այնպես էլ ազատամարտիկի արժանապատվության համար: