Հունվարի 17-ին 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ անվանի պետական քաղաքական գործիչ, ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախկին նախարար Խաժակ Անդրանիկի Դրամփյանը:
Խ. Ա. Դրամփյանը ծնվել է 1922 թ. դեկտեմբերի 23-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան (Նոր Շահրիար) գյուղ): Լավ կրթություն ստանալու նպատակով նախ սովորում է Երեւանի Մռավյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա մինչեւ Հայրենական պատերազմի սկիզբը ավարտում Երեւանի պետական էլեկտրամեխանիկական տեխնիկումը: Պատերազմի առաջին իսկ օրերին Վրաստանում հատուկ դասընթաց անցնելուց հետո տասնիննամյա Խաժակին ուղարկում են Հյուսիսկովկասյան ճակատի 43-րդ հատուկ հրաձգային գունդ` որպես դասակի հրամանատարի տեղակալ: Մոզդոկի համար մղվող մարտում, 1942-ի դեկտեմբերին Դրամփյանը վիրավորվում է։
Չապաքինվող վերքով եւ ցրտահարված ոտքերով գրեթե մեկ տարի պառկելով նախ մերձճակատային հոսպիտալում, ապա` Բաքվի Արմենիկենտ թաղամասի զինվորական հիվանդանոցի վերածված հայկական դպրոցում, եւ հետագայաւմ Երեւանի Թոխմախի հոսպիտալում՝ Դրամփյանը զորացրվում է 1943-ի վերջին` որպես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 1951-1953թթ. Դրամփյանը երկրորդ անգամ է զորակոչվում Սովետական բանակի շարքերը` որպես պահեստային սպա` հատուկ առաջադրանքով` կապված բանակում նոր ստրատեգիական զենքի ձեռք բերման հետ:
Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո Խ Ա. Դրամփյանը անցնում է կուսակցական աշխատանքի: Աշխատում է կուսակցության Լենինյան շրջկոմի տրանսպորտի ու արդյունաբերական բաժնում որպես բաժնի վարիչ, այնուհետեւ ուսման է անցնում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմին կից բարձրագույն պարտիական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո 1957-1960 թթ աշխատում է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի համակարգում` արդյունաբերության եւ տրանսպորտի բաժիններում, կուսակցական մարմիններում` որպես հրահանգիչ, այնուհետեւ` պատասխանատու կազմակերպիչ: Չթողնելով աշխատանքային գործունեությունը` 1955 թ. Խ. Դրամփյանը սովորում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երեկոյան բաժնում, որն ավարտելուց հետո էլ 1960 թ. ստանում է արդյունաբերության ոլորտում տնտեսագետի դիպլոմ:
1960թ. Խ.Ա.Դրամփյանը առաջադրվում է պատասխանատու աշխատանքի` կուսակցության Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնի, որտեղ եւ աշխատում է ավելի քան չորս տարի:
1964թ. Խ. Դրամփյանը կրկին աշխատանքի է անցնում ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի ապարատում եւ մինչեւ 1967 թ. աշխատում այնտեղ որպես Կենտկոմի գործերի կառավարիչ: Սկսած 1967 թ. Խ. Դրամփյանը անցնում է տնտեսական աշխատանքի: Նշանակվում է ավտոտրանսպորտի նախարարի տեղակալ, որտեղ եւ աշխատում է մինչեւ 1971 թ.: 1971-ից մինչեւ 1978թ. աշխատում է որպես Գազիֆիկացիայի գլխավոր վարչության պետ։
Սկսած 1978 թ. Խ. Դրամփյանը ավելի քան 10 տարի աշխատում է հանրապետության ավտոտրանսպորտի նախարարի պաշտոնում: Դրամփյանի գործունեությունը ավտոտրանսպորտի նախարարի պաշտոնում կապված է լուրջ բարեփոխումների եւ հանրապետության ավտոտրանսպորտի զարգացման հետ: 70-ական թվականների վերջերին ավտոտրանսպորտը, հատկապես ուղեւորատար ծառայությունը գտնվում էին դժվարին իրադրության մեջ:
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում Խ. Դրամփյանին հաջողվեց արմատականորեն լուծել այդ խնդիրների մեծ մասը: Միայն 1980-1990-ական թթ. կառուցվեցին եւ վերակառուցվեցին ավելի քան 40 ավտոձեռնարկություններ, որոնց համար ծախսվեց ավելի քան 450 մլն ռուբլի կապիտալ ներդրում:
Թոշակի անցնելուց հետո՝ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին «Գիտելիք» գիտալուսավորչական հասարակական կազմակերպության վարչության հրամանով Խ. Դրամփյանը նշանակվում է գործերի կառավարչի պաշտոնին, իսկ 1990 թ.՝ տնտեսության եւ ֆինանսների հարցերով տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում նա աշխատեց մինչեւ 2002 թվականը՝ շուրջ 12 տարի։ 1991 թվականից մինչեւ 2002 թվականը աշխատել է նաեւ Հայկական բաց համալսարանում (ներկայիս՝ Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան)։
Հեղինակել է երկու գիրք` «Արարման բերկրանքը», (Երեւան, 2007 թ., 320 էջ) եւ «Մտորումներ անցյալի եւ ապագայի մասին» (Երեւան, ՎՄՎ-Պրինտ, 2010 թ., 500 էջ), ուր կիսվում է իր հուշերով, օգտակար խորհուրդներով ու բազմամյա փորձով։
Խ. Դրամփյանը բազմիցս ընտրվել է հանրապետության Գերագույն սովետի եւ Երեւանի քաղաքային սովետի դեպուտատ, ավելի քան 30 տարի անընդմեջ ընտրվել է Հայաստանի կոմկուսի բարձրագույն մարմինների շարքերում: Եղել է Կենտկոմի անդամ եւ անդամության թեկնածու, վերահսկիչ հանձնաժողովի անդամ: Նա ընտրվել է Սովետական Միության Կոմունիստական կուսակցության 22-րդ համագումարի պատգամավոր:
Երկու անգամ պարգեւատրվել է հանրապետության Գերագույն սովետի պատվոգրով: Ավտոտրանսպորտում աշխատած տարիների ընթացքում պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշանի» և «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով: Հետխորհրդային շրջանում պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ զիված ուժերի «Անդրանիկ Օզանյան» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Ունի նաև բազմաթիվ մարտական պարգևներ:
Խ.Ա. Դրամփյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ժ.18.00-ին, իսկ հուղարկավորության արարողությունը՝ Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը ժ. 12.00-14.00:




























