Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքը 2 ամսով երկարացնելու հարցը կքննվի վաղը Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Արթուր Վարդանյանը կալանավորվել է նոյեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Մեղադրյալների թիվը չի հաղորդվում, սակայն տեղեկություններ կան, որ նրանց թիվն անցնում է 30-ը:




























