Վերաքննիչ դատարանը հունվարի 22-ին  մերժել է 2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը:  Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ որոշումն ստանալուց հետո պարզ կլինի որոշումը Վճռաբեկ դատարան կբողոքարկվի, թե ոչ:

 Նշենք, որ Վահան Շիրխանյանի պաշտպաններն առաջարկել էին որպես այլընտրանքային միջոց նրա նկատմամբ կիրառել գրավ:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ստեփան Ոսկանյանը նշել էր, որ Վահան Շիրխանյանն ունի լուրջ առողջական խնդիրներ եւ առողջական վիճակի պատճառով հրաժարվում է բանտային ամենօրյա զբոսանքից:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: