Թուրքիայի կողմից խոցված ռուսական օդանավի կատապուլտված օդաչուին սպանած Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» անդամ Ալփարսլան Չելիքը Ստամբուլում մասնակցել է Սիրիայում ռուսական ավիահարվածների արդյունքում սպանված իր կուսակից ու զինակից Իբրահիմ Քյուչուքի թաղմանը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի Ֆաթիհի շրջանի գրասենյակի փոխնախագահ Իբրահիմ Քյուչուքի թաղման անակնկալ մասնակիցներից է եղել ՌԴ-ի կողմից որոնվող Ալփարսլան Չելիքը։

Վերջինս հայտնի է նրանով, որ տեսախցիկի առաջ հպարտորեն հայտարարել էր, թե Սու-24-ի կատապուլտված ռուս օդաչուին ինքն է սպանել, ինչից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ ռուսական կողմը խոստացել է գտնել Ալփարսլան Չելիքին ու վրեժ լուծել։

Ալփարսլան Չելիքն իր կուսակից ու զինակցի թաղմանը հայտարարել է, թե ինքը թաղման համար է եկել Ստամբուլ եւ կրկին վերադառնալու է Սիրիա։

Նշենք, որ Իբրահիմ Քյուչուքը սպանվել է այն վայրում, որտեղ որ նրա զինակիցները սպանել էին կատապուլտված ռուս օդաչուին։