Սպարապետ Վազգեն Սարգսյանն ամեն մի մահացած զինվորի համար լաց էր լինում, նա շատ ծանր էր տանում ոչ մարտական գործողություններում մահացած զինվորի մահը: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը:

«Եթե զինվոր մահանար, ոչ մեկը չէր համաձայնում Վազգենին ասեր, որ ոչ մարտական գործողություններում զինվոր է մահացել: Ինքն ամեն զինվորի համար լաց էր լինում: Անկեղծ եմ ասում, նա փխրուն հոգով, լիրիկական անձնավորություն էր, իր արջի բնավորությանը զուգահեռ ահավոր կարգին, հրաշք մարդ էր»,-ասաց Սուրեն Աբրահամյանը:

Սուրեն Աբրահայնը հիշեց, որ երբ մի անգամ սպարապետի հետ են եղել, նա ասել է, որ ժողովուրդն այդպես էլ իրեն չհասկացավ:

«Վազգեն Սարգսյանը մի անգամ ասաց, որ ժողովուրդն այդպես էլ ինձ չհասկացավ, ինձ միշտ տեսնում են մորուքով, քրտնած, ջղայինացած: Մի անգամ մի գյուղ էինք ազատագրել, հրաշալի բնություն էր եւ մի անտառապահի տնակ կար եւ ինձ կատակով ասաց` լսի սա մեզ է մնալու չէ՞, արի էս անտառապահի տնակը վերանորոգի, թող կեսն ինձ մնա, կսն էլ քեզ»,-հիշեց Սուրեն Աբրահամյանը:

Սուրեն Աբրահամյանի խոսքով, Վազգեն Սարգսյանը երազում էր, որ պատերազմը վերջանա եւ ժամանակ ունենա իր նյութերն, աշխատությունները գրելու:

«Մի անգամ ասաց` երբ ա էս ամեն ինչը վերջանալու, որ  նյութերս գրեմ, էնքան բան ունեմ գրելու:  Ինձ էլ հարցրեց, բա դու ի՞նչ ես անելու, ասացի` ես էլ քո մասին հիշողություններ կգրեմ, սերունդին հետաքրքրիր կլինի, ինքն էլ խնդալով պատասխանեց` լսի ու՞մ ենք մենք պետք լինելու»,-ասաց Սուրիկ Աբրահամյանը: