Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին հնարավորինս շատ մասնակցություն ապահովելու համար թուրքական իշխանությունները դիմում են հնարավոր բոլոր քայլերին ու մեթոդներին: Այդ քայլերից մեկն էլ կատարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների եւ քաղաքական գործիչների՝ հրավիրելով սեպտեմբերի 17-22-ը այցելել Թուրքիա եւ մասնակցել Սուրբ Խաչի պատարագին: Հրավեր ստացածներից շատերը, ինչպես պարզեց NEWS.am-ը, մերժել են Էրդողանի առաջարկը: «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը Թուրքիայի վարչապետի հրավերքն ստացել է իր անձնական էլ. փոստին ուղարկված նամակով եւ մերժել է հրավերը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բեքարյանն ասաց, որ որպես պատճառաբանություն նշել է հետեւյալը. «Չեմ ցանկանում մասնակցել այն շոուին, որը պետք է մատուցվի որպես եկեղեցու բացում»: Հրավեր է ստացել նաեւ «Կովկասյան ինստիտուտ»-ի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ կրկին մերժել է ընդունել հրավերը: «Կներեք, բայց ես ծաղրածու չեմ, որ մասնակցեմ նման միջոցառման»,-կեսկատակ ասաց Իսկանդարյանը: Հրավեր ստացածների մեջ է նաեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, ով նույնպես մերժել է հրավերը: Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետի այդ քայլը «ճարահատյալ քայլ է եւ թուրքական խաղի շարունակություն»:
Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի սեպտեմբերի 19-ին: Հայ հոգեւոր երեք կենտրոնները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը չեն մասնակցելու պատարագին:



























