Սիրիայում ռուսական ռմբակոծիչը խոցելու հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը մեկնաբանելն անօգուտ է, քանի որ այն բավական հստակ է. բոլոր երկրները դատապարտում են այդ փաստը։ Այս մասին փետրվարի 12-ին՝ հեռուստակամուրջի ժամանակ, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Նա հրաժարվել է մեկնաբանել այդ կապակցությամբ տարբեր երկրների հայտարարությունները։ «Կարող եմ ասել միայն մեկ բան. ռուսական ռմբակոծիչի խոցման կապակցությամբ դիրքորոշումը հնչել էր դեկտեմբերի 21-ին՝ Մոսկվայում հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը շատ հստակ ներկայացրեց պետությունների ղեկավարների ընդհանուր դիրքորոշումը։ Դա համաձայնեցվել էր նախագահների հետ, եւ նա այդ հայտարարությունն իր անունից չէր անում, այլ բոլոր նախագահների»,- ասել է Բորդյուժան։





























