Բացասական համաշխարհային գործընթացները բացի ամենայնից ազդել են նաեւ հետխորհրդային տարածքի շատ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ երկրների արտաքին առեւտրի վրա: Բնականաբար այդ կազմակերպություններում Ռուսաստանի դիրքը գերիշխող է, չնայած անցած տարի նրա արտաքին առեւտրի շրջանառությունը անցած տարի գրեթե մեկ երրորդով ( 33.2 տոկոսով) կրճատվել է: Չնայած, այդ ճակատագրից չեն խուսափել նաեւ նշված տարածքների մյուս երկրները:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի արտաքին առեւտուրը ավանդաբար բնութագրվում է հսկայական պրոֆիցիտով: Անցած տարին, չնայած բոլոր անախորժություններին, բացառություն չդարձավ: Առեւտրային բալանսի դրական սալդոն չնայած նվազել էր նախորդ տարվա համեմատ ( գրեթե 49 մլրդ դոլարով), բայցեւայնպես զգալի էր՝ 161.4 մլրդ դոլար: Բացառություն չդարձան նաեւ ԱՊՀ երկրները, որոնք Ռուսաստանի հետ առեւտրում բավականաչափ բացասական սալդո ունեն: Օրինակ Հայաստանի պակասորդը Ռուսաստանի հետ արտաքին առեւտրում անցած տարի աճել է մինչեւ 0.85 մլրդ դոլար:

Ռուսական աղբյուրների տվյալներով, ԱՊՀ երկրներին է բաժին հասնում Ռուսաստանի արտաքին առեւտրային շրջանառության բավականին փոքր մասը՝ անցած տարի այն կազմել է 12.5 տոկոս: Հասկանալի է, որ ԵՏՄ այն երկրները, որոնք միաժամանակ նաեւ ԱՊՀ կազմում են, դրանից էլ քիչ մասնաբաժին ունեն ՝ ընդամենը 7.8 տոկոս (անցած տարի՝ 7.1 տոկոս ):

ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի արտաքին առեւտրի շրջանառության ճնշող մասը բաժին է ընկնում Բելառուսին ու Ղազախստանին, որոնք նաեւ ԵՏՄ –ում են նրա առաջատար գործընկերները: Անցած տարի Բելառուսի ու Ղազախստանի համատեղ մասնաբաժինը Ռուսաստանի արտահանման (դեպի ԱՊՀ երկրներ) ցուցանիշում կազմել է 58.3 տոկոս, իսկ այդ երկրներից ռուսական ներմուծման ցուցանիշում՝ 65.2 տոկոս: Ընդ որում անցած տարվա համեմատ այդ բաժինները աճել են համապատասխանաբար 4.6 ու 1.7 տոկոսային կետերով:

Հայաստանն իհարկե չի կարող համեմատվել Ղազախստանի ու Բելաառուսի հետ, որոնք զգալիորեն գերազանցում են նրան շատ ցուցանիշներով ( տարածք, բնակչության թվաքանակ, տնտեսության ծավալ եւ այլն): Այս առումով մեր երկիրը՝ զիջելով ասենք հարեւան Ադրբեջանին, մոտավորապես նույն ցուցանիշներն ունի Մոլդովայի հետ:

Այդ նույն Ադրբեջանը, օրինակ, Ռուսաստանից հիմնականում ներկրում է մեքենաներ ու սարքավորումներ, նաեւ պարենամթերք: Այսինքն պատարստի ապրանքներ: Իսկ մենք Ռուսաստանից հիմնականում ներկրում ենք բնական գազ, նավթամթերք, նաեւ հացահատիկ: Այսինքն էներգակիրներ եւ հումք՝ սննդի արդյունաբերության համար: Դե իսկ մեր արտահանումը Ռուսաստան ներկայացված է կոնյակով, մի շարք բուսաբուծական ապրանքներով ( բերքահավաքի ժամանակ ) ու մասամբ էլ՝ ձկով: