Այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները: Այս մասին, փետրվարի 24-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«ՄԱԿ-ի կանոնադրությունն առաջնորդում է անդամ պետություններին` ձեռնարկելու արդյունավետ հավաքական քայլեր` խաղաղությանն ուղղված սպառնալիքները կանխարգելելու նպատակով: Տարիների ընթացքում կանխարգելման հայեցակարգը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել խաղաղության եւ անվտանգության հաստատման միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերում: Այդուհանդերձ, նոր բռնություններով ուղեկցվող հակամարտություններ են ի հայտ գալիս՝ պատճատ դառնալով մեծ թվով մարդկային կորուստների։ Դա միջազգային հանրությունից պահանջում է առավել մեծ ջանքեր ներդնել՝ կանխարգելման կարողությունները կատարելագործելու համար:
Կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված միջազգային հանձնառությունների լիակատար իրականացումը, հատկապես ինչ վերաբերում է պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված նաեւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի վրա, կարող է էականորեն նպաստել կանխարգելման ջանքերին: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ գոյություն ունի ուղիղ կապ մարդու իրավունքների իրացման կոպտագույն խախտումների եւ բռնություններով ուղեկցվող հակամարտությունների միջեւ: Սովորաբար, այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները:
2030թ.-ին միտված օրակարգում միջազգային հանրությունը վերահաստատել է կայուն զարգացման եւ խաղաղության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության միջեւ առկա փոխկապակցվածությունը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն՝ աշխարհով մեկ իր ընդարձակ ներկայացվածությամբ, ՄԱԿ համակարգում դիտարկվում է որպես կանխարգելման եւ վաղ կանխազգուշացման գործառույթի կարեւոր դերակատար: Մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կանխազգուշացումը, ազդարարումը եւ արձագանքումը ՄԱԶԾ-ի դաշտային առաքելությունների առանցքային գործառույթների շարքում են եւ ուղղված են անկայունության առաջացման ազդակների հայտնաբերմանը:
Տիկնայք եւ պարոնայք,
Ակներեւ է գլոբալ անվտանգության եւ զարգացման միջեւ կապը: Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաեւ այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տեւել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին նույնքան օրինական են, որքան այլոց համար: Որոշ տարածքների վերջնական իրավական կարգավիճակի հաստատման ձգձգումը, մասնավորապես, նրանց, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում հակամարտության կարգավորման համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում, չպետք է օգտագործվեն որպես պատրվակ՝ ոտնահարելու այդ տարածքներում ապրող ժողովուրդների զարգացման օրինական իրավունքը: Ի վերջո, «Ոչ մեկին չանտեսելու» հանձնառությունը ենթադրում է ոչ թե բացառման պատճառաբանության արդարացում, այլ ներգրավման միջոցների ապահովում: Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՄԱԶԾ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ գործակալությունների եւ կազմակերպությունների գործողությունները չպետք է որեւէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար։
Կարեւոր է հակամարտությունների հետեւանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձեւավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջեւ իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության եւ զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջեւ ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարեւոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձեւավորման տեսանկյունից»:





























