Մաքս Պլանկի Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ մարդանման կապիկների (օրանգուտանգների) պոպուլյացիայի վերականգնման ժամանակ Ինդոնեզիայի Տանջունգպուտինգյան ազգային պարկում կապիկների երկու ենթատեսակների միջեւ խաչասերումներ են եղել, ինչի հետեւանքով ստացված սերնդի կենսունակությունը զգալիորեն նվազել է, հայտնում է Gazeta–ն:

Երբ Կալիմանտան թերակղզում սկսել է աշխատել Օրանգուտանգների պոպուլյացիայի վերականգնման կենտրոնը, դրանք բոլորը նույն կենսաբանական տեսակն էին համարվում: Սակայն մորֆոլոգիական ու գենետիկ հետազոտությունների հետագա հաջողությունները թույլ են տվել առանձնացնել կապիկների երկու տեսակներ Բորնեո ու Սումատրա կղզիների վրա: Բորնեո օրանգուտանգն էլ իր հերթին ունի աշխարհագրական ու վերարտադրողականության տեսակետից մեկուսացված երեք ենթատեսակ, որոնք տասնյակ հազարավոր տարիներ չեն խաչասերվել:

Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականները վերլուծել են Քեմփ Լիքի ազգային պարկի օրանգուտանգների վերջին 44 տարվա տվյալները: Պարզվել է, որ այդ ընթացքում պարկում ենթատեսակների հիբրիդացման շատ դեպքեր են եղել: Զույգերի մի մասի սերունդը առողջ է եղել, իսկ մյուս մասը թույլ է եղել ու մահացել փոքր հասակում:

«Այն սերունդը, որը ծնվել է գենետիկորեն իրարից հեռու եւ իրար հետ երկար ժամանակ շփում չունեցած պոպուլյացիաներից, հաճախ աչքի է ընկել վատառողջությամբ ու ցածր վերարտադրողականությամբ»,- ասել են հետազոտողները:

Գիտնականները նշում են հետագա խաչասերումների վտանգը: Ավելի քան 1.5 հազար օրանգուտանգների շուտով կուղարկեն վայրի բնություն: Այսպիսով, կա վտանգ, որ հիբրիդները, հայտնվելով վայրի բնության մեջ, կարող են վնաս հասցնել վայրի օրանգուտանգների ամբողջ պոպուլյացիայի կենսունակությանը: