Արագածոտնի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների` հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են 3 ամիս անվճար հիպոթերապիա ստանալու հնարավորություն ունենալ: Ուշի գյուղում գտնվող`Հայաստանի միակ հիպոթերապիայի կենտրոն «Կենտավր»-ն այս նպատակով դրամահավաք է կազմակերպում:
«Դրամահավաքի արդյունքում մարզաբնակ 60 երեխա ձիերի ու շների օգնությամբ եռամսյա թերապիա կստանա: Բացի այդ դրամահավաքի շնորհիվ կապահովվի կենտրոնի 52 կենդանիների՝ ձիերի, շների, կատուների, աղավնիների երեք ամսվա սնունդը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը:
«Կենտավր» կենտրոնը հիմնվել է 2008թ.: Կենդանիների միջոցով թերապիայի շնորհիվ ֆիզիկական եւ մտավոր տարբեր խնդիրներ ունեցող հարյուրավոր երեխաներ խոսել, քայլել են սովորել: Կենտրոնը երկու մարզիչ ունի ու մի քանի կամավոր աշխատողներ:
«Կենտավրի» եկամուտը հիմնականում ծախսվում է կենտրոնի եւ կենդանիների կարիքների համար: Այն հովանավոր չունի, այդ պատճառով պարբերաբար դրամահավաքներ են կազմակերպում:
Դրամահավաքին հնարավոր է մասնակցել www.indiegogo.com կայքում:




























