Լեռան բարձունքում ջազ նվագելն էպիկուրյան ասկետիզմի հաճույքներից է: Այս մասին ֆրանսիական Liberation պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիահայ հայտնի ջազային դաշնակահար Անդրե Մանուկյանը: Նրա երկրորդ հետաքրքրությունը լեռներում արշավներն են:

«Մենք դպրոցական տարիներն անցկացրել ենք Լիոնում, իսկ արձակուրդները՝ լեռներում, Շամոնիում: Հորս հետ եղել եմ Մոնբլանում: Եվ հիմա եմ հասկանում, թե որքան էր մայրս մեզ սիրում, որն ուղեկցում էր մեզ՝ չնայած վախենումէր բարձրությունից, այդ արշավները նրա համար տաառապանք էին:

Ջազում, երբ նվագում ես ունկնդրի առջեւ, «ներքին ռիթմ» ունես: Լեռներում նույնն է: Լեռներում նվագելը երազ է: Այնտեղ հրաշալի հնչողություն կա: Ես այսպիսի փորձարկումներ եմ անում 6 տարի: Դա գրեթե էպիկուրյան ասկետիզմ է: Շամոնիում Բլան լճի ափին առաջին համերգին 400-500 մարդ եկավ, նրանք երեք ժամ միայն բարձրանում էին: Լճի ափին նեպալցի ֆլեյտահար կար եւ տաբլեով նրա նվագակցողը: Դա կախարդական էր: Ոչ մի պրոդյուսեր աշխարհում այդպիսի բան չէր կարող ստեղծել»: