Շների աշխարհի Ապոլոնների՝ ազդու հսկա գերմանական դոգերի պատմությունը սկսվում է 15-րդ դարից։ Ցեղատեսակի հայրենիքը Գերմանիան է։ 10-րդ դարում հին գերմանական ցեղերը մշակել էին «Գեոպոնիկ» անտառային օրենքների հավաքածուն, որում նկարագրում էին դոգակերպ 6 տեսակի շների, որոն օգտագործում էին այդ թվում արջի եւ վարազի հետքի վրա դուրս գալու համար։ Դրանք ժամանակակից գերմանական դոգերի նախահայրերն են (ֆոտոռեպորտաժ)։
Ի սկզբանե ցեղատեսակը մի քանի անուն ուներ՝ դանիական դոգ, հին գերմանական մաստիֆ, ուլմյան դոգ։ 1879թ. որոշում էր կայացվել վերջ տալ անվանումների նման խառնիճաղանջությանը, եւ բժիշկ Բոդինուսի նախագահությամբ շնաբույծների խորհրդակցության ժամանակ որոշեցին շներին այսուհետեւ կոչել գերմանական դոգեր։ Սակայն գերմանական դոգերի մասին առաջին հիշատակումները ավելի վաղ են հանդիպում։ Գերմանական դոգերի հիշեցնող շների պատկերներ կան մ.թ.ա. 3-րդ հազարամյակին պատկանող եգիպտական որմնանկարներում։
Ըստ երանգավորման՝ առանձնացնում են գերմանական դոգերի մի քանի տեսակ՝ սեւ, մարմարե, երկնագույն, վագրանախշ, հարդագույն։ Գերմանական դոգերը ամենախոշոր, սակայն խաղաղ ցեղատեսակներից են։ Նրանց մեջ ռեկորդակիրը Զեւսն է, որի հասակը 112 սմ էր։ Սիրելի դոգի կերպարը էկրանավորվել էր «Սքուբի դու» մուլտսերիալում։
NEWS.am-ին այդ ցեղատեսակի ներկայացուցիչ մարմարե դոգ Ռոյսի հետ է ծանոթացնում նրա տերը՝ Դավիթը։
«Ռոյս անունն առաջարկել էր իմ ավագ եղբայրը։ Նա առաջարկեց շանը կոչել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի անունով»,- պատմում է Դավիթը։
Հիմա Ռոյսը 2.5 տարեկան է, նա կշռում է 60 կգ։ Ռոյսը Երեւան է եկել Ուկրաինայից, երբ ընդամենը 2-ամսական քոթոթ էր։ Նրա մեկնումը համընկավ այդ երկրում ողբերգական դեպքերի հետ։ «Սկզբում նրա համար անհավանական մեծ գին էին ուզում, սակայն սկսված ռազմական գործողությունների պատճառով ապաստարանում ուրախ էին ձագուկին արագ տեղավորելու հնարավորության համար, եւ իրենք առաջարկեցին իջեցնել գինը»,- պատմում է Դավիթը։
Ռոյսի ճանապարհորդությունը հեշտ չստացվեց։ Օդանավը վատ եղանակային պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիում, եւ քոթոթը մի քանի ծանր ժամեր էր անցկացրել։ «Երբ վերջապես լուսաբացին օդանավը վայրէջք կատարեց Երեւանում, շանը օդանավից քաղցած եւ սառած իջեցրին»,- հիշում է Դավիթը։
Գերմանական դոգ պահելը նրա մանկության երազանքն էր։ «Տանը միշտ կենդանիներ են եղել։ Երբ ես փոքր էի, հորեղբորս տանը գերմանական դոգ կար, եւ ես միշտ երազում էի նույնպես դոգ ունենալ»,- պատմում է Ռոյսի տերը։
Հիմա Դավիթը Ռոյսից բացի, եւս մեկ շուն է պահում՝ կուրցհար։ Երկու շունն էլ ապրում են սովորական քաղաքային բնակարանում։
Չնայած հսկայական հասակին՝ Ռոյսը, ինչպես դա սովորաբար լինում է գերմանական դոգերի դեպքում, բակի երեխաների սիրելին է, եւ ինքն էլ պաշտում է երեխաներին։ Դավիթի 1.5 տարեկան զարմուհին՝ Ագաթան, անգամ հեծնում է Ռոյսին եւ քշում։ Շունը հիանալի ապրում է այլ կենդանիների, այդ թվում՝ կատուների հարեւանությամբ։
«Շատ հավասարակշռված եւ բարի շուն է։ Եթե նրան չեն հրահրում, օտարների հանդեպ անտարբեր է։ Թույլ է տալիս իրեն շոյել, սակայն եթե քնքշանքները հոգնեցնում են, նա դա ցույց է տալիս եւ մի կողմ քաշվում»,- ասում է Դավիթը։ Ռոյսը դեռեւս ցուցահանդեսների չի մասնակցել, սակայն ապագայում տերը նման պլաններ ունի։
Ռոյսը փոքր տարիքում «ավերիչ» սովորություններ չի ունեցել, ուղղակի սիրում էր կրծել վարագույրները։ «Բնակարանում նման մեծ շուն պահելու որեւէ խնդիր չի առաջանում։ Իհարկե առանձնահատուկ խնամք է պետք։ Պետք է հաճախ կերակրել եւ քիչ-քիչ, հաճախ զբոսանքի հանել, սակայն շատ չծանրաբեռնել հատկապես ձագ ժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ դու ինքդ պետք է գրաֆիկով ապրես, վաղ արթնանաս, չծուլանաս, ժամանակին տուն գաս։ Չնայած նրա մորթին կարճամազ է, այն նույնպես պետք է սանրել, հատկապես մազաթափության շրջանում։ Ռոյսը տանն իր սեփական բազկաթոռն ունի, որի վրա ոչ ոքի չի թողում նստել։
Միայն թե Ռոյսը չի սիրում փակ դռները։ Եթե դուռը փակ է, կարող է ճանկռել, իսկ քանի որ շատ մեծ շուն է, ճանկերի հետքերը կարող են մնալ ողջ դռնով մեկ։ Այնպես որ դռները բաց ենք պահում»,- ժպտում է Դավիթը։
Նման մեծ շան նկատմամբ շրջապատի վերաբերմունքը միանշանակ չէ։ Դավիթը ցույց է տալիս դնչկալը։ Նրա խոսքով՝ մինչեւ հիմա այն դեռ ոչ մի անգամ պետք չի եկել։ Դա ավելի շուտ հոգեբանական ազդեցության միջոց է նյարդային քաղաքացիների վրա։ Իսկ ընդհանուր առմամբ անցորդները երկու խմբի են բաժանվում՝ նրանք, ովեր հիացմունք են ապրում հսկա շանը տեսնելիս, եւ նրանք, ովքեր սարսափահար են լինում։
«Ընդ որում, ոմանց մոտ այդ սարսափն ուղեկցվում է շանը հրահրելու փորձերով։ Նման պահվածքը սխալ է։ Ոմանք էլ սիրում են տարօրինակ հարց տալ. ինչու՞ է Ձեր շունն այդքան մեծ։ Ի՞նչ պատասխանես այդ հարցին»,- ասում է Ռոյսի տերը։
«Իսկ ես երբեմն նրա հետ ինձ աստղ եմ զգում։ Զբոսաշրջիկները, հատկապես իրանցիները, միշտ ուզում են նրա հետ լուսանկարվել։
Պարզվել է, որ Ռոյսը սիրում է մեքենայով ճանապարհորդել։ Ի դեպ, Ռոյսը ճանապարհն անցնում է միայն կանաչ լույսի տակով։ Հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչպես է շունը օրինակ ծառայում մյուս կարգազանց հետիոտներին»,- եզրափակում է Դավիթը։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի, \NEWS.am





























