Անհետ կորած Խաչիկ Եղոյանի մոր՝ Լենա Եղոյանի երազանքը որդու երեխաներին տեսնելն էր: Բայց այս երազանքը պետք է անկատար մնար. Խաչիկն անհետ կորավ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների թեժ շրջանում՝ 1992 թվականի հունիսին, «Արծիվ 13» ջոկատի կազմում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Լենան նշեց, որ անհետ կորելու ժամանակ Խաչիկը 35 տարեկան էր:
«Շատ էի ուզում, որ ամուսնանա, ինձ թոռներ պարգեւի: Իսկ նա պնդում էր, որ իր տեղն առաջնագծում է»,- պատմեց տիկին Ելենան:
Դժբախտ պատահարի արդյունքում Լենա Եղոյանն ամուսնուն կորցրել է, երբ երեխաները դեռ փոքր էին: «Խաչիկը 7 տարեկան էր: Ասում էր՝ ես որբ եմ մեծացել, չեմ ուզում, որ իմ երեխաներն էլ որբ մնան: Սրանք մեկնելուց առաջ նրա վերջին խոսքերն էին»,- հոգոց է հանում տիկին Լենան:
Որդու անհետանալուց հետո նա չի փակվում չորս պատերի մեջ, շարունակում է աշխատել, հասարակական կազմակերպություն է հիմնում: Արդեն ավելի քան չորս տասնամյակ աշխատում է Արմավիրի կենտրոնական գրադարանում:
Տիկին Լենան նաեւ դուստր ունի՝ Հայկուշ, թոռնիկ եւ թոռնուհի, նույնիսկ ծոռնուհի: «Չեմ ուզում որդուս անունով կոչել ո՛չ թոռնիկի ո՛չ ծոռնիկի»,- վստահեցնում է Լենա Եղոյանը:





























