Թույլ թռչունները թշնամիներից փախչելիս պաշտպանություն են փնտրում ավելի սարսափելի գիշատիչների մոտ: Հյուսիսամերիկյան կոլիբրիները բնակություն են հաստատում բազեների բների տակ՝ կաչաղակներից կամ սկյուռներից փրկվելու համար: Կոլիբրին բազեի համար հետաքրքիր չէ, իսկ ահա սկյուռը՝ միանգամայն:
Այսպես են վարվում նաեւ արագիլները, ձկնկուլները եւ այլ թռչուններ, որոնք բույն են հյուսում գետերի, լճերի եւ ավազանների հարեւանությամբ, սակայն նրանց համար «թիկնապահի» դեր են կատարում կոկորդիլոսներն ու ալիգատորները:
Իսկ պաշտպանելու դիմաց ի՞նչ են ստանում կոկորդիլոսները: Հայտնի է, որ երամներով բնադրող փետրավորների ձվերից ավելի շատ ճտեր են դուրս գալիս, քան ծնողները կարող են կերակրել: Եվ կարելի է ենթադրել, որ ավելորդ ճտերը թիկնապահ-կոկորդիլոսներին «վճարելու» միջոց են դառնում: Այսպիսի եզրահանգման են եկել Ֆլորիդայի համալսարանից Լուկաս Նելն ու նրա գործընկերները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS ONE-ում:




























