Սպորտի հանդեպ սերը ձեւավորվում է ներարգանդային զարգացման փուլում։ Գիտնականները նման եզրակացության են եկել լաբորատոր մկների վրա փորձարկումների արդյունքում։ Պարզվել է, որ կրծողների էգերը, որոնք ակտիվորեն շարժվում են հղիության ժամանակ, ավելի ակտիվ սերունդ են ունենում։
Այս օրինաչափությանը հետեւելու համար գիտնականները՝ Ռոբերտ Վոթերլենդի գլխավորությամբ, մկներին բաժանել են երկու խմբի. առաջին խմբի մկների համար հասանելի են եղել վազքանիվը, իսկ երկրորդ խմբի մկները զրկված են եղել նման հնարավորությունից։ Մնացած բոլոր պայմանները երկու խմբերի համար նույնն է եղել՝ սնունդ, օդ, նաեւ գենետիկորեն երկու խմբի կմները նույնատիպ են եղել։
Նշվել է, որ հղիության շրջանում էգ մկներից որոշները հաղթահարել են օրական մինչեւ 3 կմ տարածություն, իսկ ոչ հղիները՝ մինչեւ 10 կմ տարաություն։ Արդյունքում պարզվել է, որ ֆիզիկապես ակտիվ մկները լույս աշխարհ են բերել իրենց պես ակտիվ սերունդ եւ շարժվելու հակումը նրանք պահպանել են ողջ կյանքի ընթացքում, հաղորդում է Svopi-ն։



























