Ադրբեջանը վաղուց էր սպառնում կրկին գրավել Ղարաբաղը, որի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է Հայաստանի հետ ռազմական գործողությունների հետեւանքով: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին նախնական պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել երեքշաբթի՝ ապրիլի 5-ին: «Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը նշում է, որ կրակը երկու կողմից էլ դադարել է՝ չնայած հրադադարի մասին պաշտոնական համաձայնության բացակայությանը: «Այս պահին ոչ մի գրավոր համաձայնագիր չկա»,- պարզաբանել է նա:

«Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կրակոցներ են լսվել: Ադրբեջանի ՊՆ-ն էլ իր հերթին նշում է, որ երեքշաբթի մարտական գործողությունները դադարեցվել են»,- գրում է պարբերականը:

Լեռնային Ղարաբաղի հարավային հատվածում՝ Հադրութ քաղաքի մոտ ճակատային գոտու երկայնքով տեղակայված հայ զինվորականները հայտարարել են, որ իրենց տարածքում ապրիլի 5-ին օրվա կեսից խաղաղ է եղել:

«Ապրիլի մեկին սկսված մարտերը տասնյակ կյանքեր են խլել: Ադրբեջանը վաղուց էր սպառնում հետ գրավել Ղարաբաղը, որի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է Հայաստանի հետ վեց տարվա մարտական գործողություններից հետո. գործողություններ, որոնք սկսվեցին Խորհրդային միության գոյության վերջին տարիներին: Ռուսաստանի միջնորդությամբ 1994-ին կնքված զինադադարի մասին համաձայնագիրը սառեցրեցին հակամարտությունը սահմանի երկայնքով, որը հայտնի է որպես երկու կողմերի միջեւ շփման գիծ: Կողմերն այդպես էլ խաղաղության համաձայնագիր չստորագրեցին»,- ընդգծում է հոդվածագիրը:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բակերից մեկում շուրջ 200 մարդ էր հավաքվել՝ վերջին հրաժեշտը տալու Մասիս Թովմասյանին. տեղացի կամավորական, որը զոհվել է հանգստյան օրերին: «Ընկերներն ու հարեւանները ծաղիկներ խոնարհեցին, հոգեւորականներն ընտանիքի բնակարանում Պատարագ մատուցեցին: Տղամարդիկ դագաղը բակ տարան եւ դրեցին գորգով ծածկված սեղանին: Զինվորական նվագախումբը սգո երաժշտություն էր նվագում: «Սա այնպիսի ցավ է, այնպիսի ցավ... Չգիտեմ, արդյո՞ք որեւէ մեկը կկարողանա հասկանալ այն ցավը, որը մեր երկու զավակները ստիպված են լինելու կրել ամբողջ կյանքում»,- ասաց սպանված Մասիսի այրին՝ Եվան»,- գրում է ամերիկյան պարբերականը:

Ըստ հոդվածագրի՝ տուժածներին շարունակում էին բերել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, մինչեւ երկու կողմերը դադարեցրին կրակը: «Հրետանավորների երիտասարդ կապիտանը պատմեց, որ իր ստորաբաժանումը թիկունքում էր, երբ իրենց վրա սկսեցին կրակել ականանետով: Պայթյունի հետեւանքով նա կորցրել էր ձախ ոտքը»,- պատմում է հեղինակը:

Մարտակերտից հեռու գտնվող Ներքին Հորաթաղ գյուղի բնակիչ Ալեքսեյ Գրիգորյանը պատմեց, որ իր ընտանիքն ապաստանել է մորաքրոջ տանը, չնայած պարոն Գրիգորյանը մինչեւ հիմա, անտեսելով վտանգը, ամեն օր գնում է իր տուն, որպեսզի կերակրի հավերին: «Ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ռուսները այս հակամարտության էությունը չեն հասկանում»,- գանգատվում է նա: