Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առեւտրային գործընկերն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում նաեւ ասել է, որ օրեր անց Երեւանում կկայանա Գերմանիայի տնտեսական միության ներկայացուցչության բացումը, ինչը վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին։

«Տիկին Մերկելին ասացի, որ պատրաստ ենք հյուրընկալել գերմանացի գործարարներին Հայաստանում։ Օգտվելով առիթից՝ պետք է հատուկ նշեմ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Դրա ամենաթարմ օրինակն է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերված հետեւողական օգնությունը»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ հայկական կողմը կանի հնարավորը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման: Հույս եմ հայտնում նաեւ, որ Գերմանիայի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում: