Բոլորս պետք է համապատասխան աշխատանք տանենք եւ հասնենք այնպիսի իրավիճակի, որ միջազգային կառույցների արձագանքները լինեն թիրախային: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում միջազգային կառույցների, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ անհասցե հայտարարությունները:

«Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որ թիրախավորված լինի այն կողմը, որը խախտել է գոյություն ունեցող պայմանագիրը եւ ոճրագործություն, հանցագործություններ է կատարել: Եվ մարդասիրական, եւ իրավական նորմերից ելնելով՝ բոլորը պետք է խախտող կողմին, հանցագործ կողմին պատասխանատվության ենթարկեն»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ իր կարծիքով՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ ուղղությամբ աշխատում է:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների գործողություններում կա ոչ ադեկվատ մոտեցում: Թե ինչը ստիպեց ադրբեջանական կողմին նման ծավալի ռազմական գործողություններ ծավալել, ՊՆախարարը նշեց, որ միգուցե դրա վրա ազդել են քաղաքական, տնտեսական եւ սոցիալական նպատակները: