Շատ ցավալի է լսել Ղարաբաղում մարդկանց զոհվելու մասին: Այդ մասին ապրիլի 6-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՀ-ի առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամեհին:
«Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կվերականգնվի: Ես ուրախ էի լսել, որ այս պահին հրադադար է հաստատվել: Մենք հույս ունենք, որ այն կպահպանվի», - հայտնել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին, հրադադարի պայմանավորվածությունը գործում է ապրիլի 5-ի ժամը 12-ից: ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկության համաձայն, անցյալ գիշեր պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է:
Ապրիլի 5-ի տվյալներով, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում աննախադեպ լարվածության հետեւանքով 29 զինծառայող է զոհվել, 28 մարդ անհետ կորել է, 101-ը վիրավոր է: Ադրբեջանական կողմի կորուստներն ավելի մեծ են` 2 հազարից ավելի սպանված եւ վիրավոր: Որպես ապացույց ներկայացվել է հեռախոսազրույց, որը ձայնագրել էր հետախուզությունը եւ որը հաստատում է այդ տեղեկությունները:




























