Արտաքին քաղաքականության եւ ռազմաքաղաքական հարցերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասության մեջ չեն մտնում: Այդ մասին ապրիլի 6-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Ուրիխանյանը հարցրել է, թե արդյոք հնարավոր է, որ ԵՏՀ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղազախստանի վարչապետից հետաքրքրվի, թե ինչու են նախապատվությունը տալիս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային եւ Ադրբեջանին` ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի դեմ:
Գաբրիելյանի խոսքով, նման հարց չի կարող դրվել խորհրդի նիստին, ոչ էլ ավելի բարձրաստիճան նիստերին. «Դա Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս է»:




























