Ֆինանսական ածանցյալ գործիքների մասին նոր օրենսդրությունը կարող է Հայաստանի խորհրդարան մտնել մինչեւ այս տարեվերջ: Այս մասին ապրիլի 6-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Թերեսա Դաբան Սանչեսը:
Ավելի վաղ ԱՄՀ-ն Հայաստանի կառավարության հետ քննարկել է արժութային հեջավորման համար գործիքների կարեւորությունը, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել արտահանողների արժութային եկամուտը, հատկապես՝ ռուսական ռուբլով, հաշվի առնելով, որ ռուսական շուկան կարեւորագույնն է հայկական արտահանման համար, իսկ ռուբլու փոխարժեքի անկայունության մակարդակը բավական բարձր է:
Ամեն դեպքում, հեջինգային պայմանագրերին օրենսդրական բազա է հարկավոր, այդ թվում՝ հարկման մեխանիզմներ այն դեպքերում, երբ այդ պայմանագրերը եկամուտ են բերում:
Դաբան Սանչեսի խոսքով, որպեսզի հեջինգային պայմանագրերը բիզնեսի համար սովորական պրակտիկա դառնան, այն պետք է ավելի լավ հասկանա, թե դրանք ինչպես են վերացնում ռիսկերն արտաքին առեւտրում:
Այստեղ փոքր ծախսերը կարող են նույնքան կարեւոր լինել (եւ նույնքան սովորական դառնալ), ինչպես, ասենք, ավտոմեքենայի ապահովագրումը:




























