Գերմանական Մայնց քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել հաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ, որը ZDF հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն էր կարդացել: Այս մասին գրում է «Spiegel online»-ը:

Ըստ ՏԱՍՍ-ի, սա արդեն երկրորդ սկանդալն է, որը կապված է գերմանական հեռուստատեսությունում Թուրքիայի նախագահի քաղաքականության լուսաբանման հետ: Անկարան նախ վրդովվել էր ARD հեռուստաալիքով մարտի 17-ին հեռարձակված երգիծական հոլովակի կապակցությամբ, ինչից հետո Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Այս արձագանքը դժգոհության ալիք էր բարձրացրել գերմանական լրատվամիջոցներում, ինչն ավարտվեց Բեմերմանի բանաստեղծությամբ:

Մարտի 31-ին եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում հաղորդավարը նշել է, որ քաղաքական սատիրան, որը հեռարձակվել է իր գործընկերոջ հաղորդման ժամանակ, Գերմանիայում թույլատրված է սահմանադրությամբ: «Բայց այն, ինչ հիմա տեղի կունենա, արգելված է»,- ասել էր նա եւ եթերում կարդացել Էրդողանի հասցեին վիրավորանք պարունակող բանաստեղծությունը:

Բեմերմանին մեղադրում են Գերմանիայի Քրեական օրենսգրքի 103 հոդվածի հատկանիշներով՝ «Օտարերկրյա պետական մարմիններին եւ ներկայացուցիչներին վիրավորելը»: Այն նախատեսում է տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում: