Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում հրադադարի մասին պայմանավորվածությունը արդեն չի գործում, քանի որ ադրբեջանական կողմն այն մեծ ինտենսիվությամբ խախտում է: Այս մասին ապրիլի 7-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ «Նոր իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ. հնարավոր զարգացումներ բանակցային գործընթացում» թեմայով քննարկումների ժամանակ: Պատգամավորը Ստեփանակերտից տեսակապով միացել է քննարկմանը:
Պատգամավորի խոսքով, հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել, հետեւաբար ՊԲ-ն պարտավոր չէ պահպանել այն: «1992-1994 թթ. բազմաթիվ նման պայմանավորվածություններ են ձեռքբերվել, որոնք մի քանի ժամում խախտվել են : Ես պետք է նշեմ, որ այս պայմանավորվածությունն արդեն չի գործում, քանի որ մեծ ինտենսիվությամբ խախտվում է: Այդուհանդերձ, սա այն ինտենսիվությունը չէ, որը գրանցվել է ապրիլի 1-5 ժամանակահատվածում»,- նշել է Խաանումյանը: Ադրբեջանական կողմից, միաժամանակ հավելել է նա, իրականացվում են հետախուզական- դիվերսիոն ներթափանցման փորձեր, հարձակումներ մարտական դիրքերի վրա, գնդակոծություններ:
Կողմերը ապրիլի 5-ի կեսօրին պայմանավորվել են դադարեցնել կրակը ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դրանից հետո ուղիղ բախումներ չեն եղել, բայց ադրբեջանական կողմի գնդակոծությունները պարբերաբար շարունակվում են, չնայած առանց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գործածման:




























