Չնայած հրադադարի մասին հայտարարությանը՝ Ադրբեջանը շարունակել է հարձակումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով, ինչի հետեւանքով եւս 3 մարդ է զոհվել: Այս կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսականնները դատապարտել են Ալիեւի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ ու ԱՄՆ ղեկավարությանը կոչ են արել աջակցել Ռոյս- Էնգելի առաջարկների անհապաղ իրականացմանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Մենք սատարում ենք Կոնգրեսի կոչերն այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է առաջատար դեր ունենա Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա ագրեսիայի ու նրա զորքերի իրականացրած ռազմական հանցագործությունների հաստատված փաստերի, նաեւ սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ դաժան ճնշումների համար երկրի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատվության կանչելու հարցում»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը:
Սենատոր Մարք Քիրքը Ադրբեջանի ագրեսիան անվանել է «անընդունելի ու անմիտ»՝ նշելով, որ Բաքվի ագրեսիայի հետեւանքով շատ հայեր են զոհվել՝ թե խաղաղ բնակիչներ, թե զինվորականներ եւ Ադրբեջանն էլ է մեծաքանակ զոհեր տվել»: Սենատորը նաեւ նախագահ Օբամային ու Պետդեպարտամենտին կոչ է արել Ալիեւին «պատասխանատվության կանչել իրականացրած բռնությունների համար ու աջակցել խաղաղության պահպանմանն ուղղված քայլերի իրականացմանը»:
Ավելի վաղ կոնգրեսականներ Ռոյսն ու Էնգելը հանդես էին եկել մի շարք առաջարկություններով, որոնք ուղղված են շփման գծում լարվածության թոթափմանը: Մասնավորապես նրանք առաջարկում էին առաջնագծից հեռացնել դիպուկահարներին, հատուկ սարքավորումներ տեղադրել հրադադարի ռեժիմը խախտող հարձակումների աղբյուրները պարզելու համար, նաեւ ապահովել ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը՝ ավելի արդյունավետ հսկողության համար:
Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Դեւին Նունյեսը (R-CA) համաձայնել է այդ առաջարկներին՝ նշելով որ «Լեռնային Ղարաբաղում բախումները կարող են վերածվել վտանգավոր ու լայնածավալ պատերազմի: Հրադադարի մասին պայմանավորվածությունը պետք է խստորեն պահպանվի, իսկ Ադրբեջանն էլ պետք է քայլեր ձեռնարկի շփման գծի երկայնքով խաղաղություն պահպանելու համար՝ այդ թվում հեռացնի դիպուկահարներին ու համաձայնի ԵԱՀԿ ընդլայնված դերակատարմանը»:
Կոնգրեսական Դեւիդ Վալադաոն (R-CA) խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ ու նշել, որ «հրադադարի մասին համաձայնագիրը, որին համաձայնել են երկու կողմերը, պետք է պահպանվի, որպեսզի այս մահաբեր հակամարտությունը չվերածվի ավելի սարսափելի բանի»:
Կոնգերսական Ջիմ Կոստան (D-CA) էլ իր հերթին է կասկածի տակ դրել խաղաղության ձգտելու հարցում Ալիեւի մտադրությունները՝ հայտարարելով, որ «չնայած նա անցած շաբաթ Վաշինգթոնում հանդիպումներ էր ունեցել պետքարտուղար Քերիի ու փոխնախագահ Բայդենի հետ, բայցեւայնպես կարծես շահագրգռված չէ խաղաղ կարգավորման գործընթացում: Եվ ինձ կասկածելի է թվում, որ նա անկեղծորեն փորձում է խնդրի լուծում գտնել»:
Գրեյս Նապոլիտանոն (D-CA) նույնպես նմանատիպ մտավախություններ է հայտնել՝ նշելով, որ «այն փաստը, որ ռազմական հարձակումը կատարվել է Վաշինգթոնում միջուկային գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումներից անմիջապես հետո, խորը տագնապ է առաջացնում ու ապացուցում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի ձգտում խաղաղ կարգավորման: Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր հրեշավոր գործողությունների համար, որոնք վիրավորում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն ինքնորոշման իրավունք ունի »
Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Դեւիդ Ցիցիլինը (D-RI) հատուկ շեշտեց, որ Ադրբեջանը դիպուկահարների է գործածում, «ինչը հրադադարի մասին պայմանավորվածության ու միջազգային իրավունքի ուղղակի խախտում է. ես ցնցված եմ այն հաղորդագրություններով, որ ադրբեջանական ուժերը հարձակվել են Կարմիր խաչի ներկայացուցչի վրա»:
Կոնգրեսական Լինդա Սանչեսն էլ իր հերթին է նշել «Բռնության այս էսկալացիան կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը, վերածվելով երկարատեւ ու արյունահեղ հակամարտության: Ես Ադրբեջանին կոչ եմ անում պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը ու դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»:
Կոմգրեսական Ջուդի Չուն (D-CA), որը նախկինում նույնպես դատապարտել է 1988-1990 թվականներին Ադրբեջանի նմանատիպ հարձակումները հայերի դեմ Սումգայիթում ու Բաքվում, դատապատել է նաեւ այս հարձակումները՝ ասելով. «Ես նախագահին կոչ եմ արել աշխատել երկու կողմերի հետ հակամարտության դեէսկալացիայի համար ու դադարեցնել Ադրբեջանին օգնության ցուցաբերումը, եթե նա շարունակի ագրեսիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Անկախանալու խաղաղ շարժմանն ի պատասխան բռնության գործադրումն անընդունելի է»:
Կոնգրեսականներ Ֆրենկ Պալոնեն (D-NJ), Ռոբերտ Դոլդը (R-IL), Ադամ Շիֆֆը (D-CA) ու Բրեդ Շերմանը (D-CA) նույնպես շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի ժամ անց դատապարտել են Ադրբեջանի գործողությունները:




























