Հանրաքվեն, որի արդյունքում հոլանդացիները դեմ են արտահայտվել Ուկրաինայի եւ ԵՄ-ի ասոցացմանը, կրկնակի ապտակ է դարձել Եվրամիության համար, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով Der Spiegel-ին:

Նշվում է, որ այս համաձայնագրին հոլանդական  «ոչը» խորհրդանշական իմաստ ունի: Այս հրաժարումը նշանավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ բոլոր նրանց հաղթանակը, ովքեր Եվրամիության փլուզումն են տենչում:  Ավելին, խոսքն ընդամենը ինչ-որ առեւտրական համաձայնագրի մասին է, որի պատճառով 2013-ին Ուկրաինայում համաժողովրդական ընդվզում սկսվեց:

Հանրաքվեին մասնակցությունը հազիվ է գերազանցել անհրաժեշտ  30 տոկոսը, եւ արդյունքներն էլ Նիդերլանդների կառավարության կողմից պարտադիր կատարման ենթակա չեն: Սակայն եթե կառավարությունը որոշի անտեսել ժողովրդի կամարտահայտությունը, գրում է պարբերականը, նրան կկշտամբեն, թե հոլանդացիների կարծիքն իրեն բոլորովին չի հետաքրքրում: Եթե Նիդերլանդները ԵՄ-ի անդամ երկրներից միակը լինի, որը չվավերացնի  համաձայնագիրը, կարող է վտանգվել դրա պայմանավորվածությունների փաթեթի կատարումը:   

Հանրաքվեի արդյունքները ակնհայտորեն երկու բան են ցույց տալիս, կարծում է   Der Spiegel-ը: Մի կողմից դրանք ցույց են տալիս, որ ԵՄ-ը ներկայումս ժողովրդականություն չի վայելում Նիդերլանդներում, մյուս կողմից, որ բնակչության  70 տոկոսն ուղղակի հետաքրքրված չէ Եվրոպայի համար այդքան կարեւոր խնդրով կամ էլ կարծում է, թե իր ձայնը ոչինչ չի նշանակում: