Եվրահանձնաժողովը  կես տարվա ընթացքում կպատրաստի այն օֆշորային պետությունների ամբողջական ցանկը, որոնք չեն ապահովում հարկային տեղեկատվության փոխանակություն ու միաջզգային թափանցիկություն: Այս մասին հայտնել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին, մեկնաբանելով «Պանամական փաստաթղթեր» ֆինանսական մախինացիաների մասին տեղեկությունների արտահոսքին վերաբերող սկանդալը:

«Եվրահանձնաժողովը կես տարվա ընթացքում կպատրաստի այն օֆշորային պետությունների ամբողջական ցանկը, որոնք չեն ապահովում միջազգային թափանցիկություն ու հարկային տեղեկությունների փոխանակություն: Մենք դիմում ենք միության երկրներին՝ այդ աշխատանքին մասնակցելու կոչով: Արդեն կազմել ենք նման ցուցակ, սակայն այն ամբողջական չէ»,- ասել է նա:

Մոսկովիսին շեշտել է, որ Պանաման դեռ չի համագործակցում ԵՄ-ի հետ ֆինանսական տեղեկատվության փոխանակության ոլորտում ու հավելել է, որ Եվրահանձնաժողովը «Պանամային կոչ է անում համագործակցել հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարում»:

Մեկնաբանելով այն տեղեկությունը, որ կլիմայական փոփոխությունների ու էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեի անունը նույնպես հիշատակված է «Պանամական փաստաթղթերում»՝ Մոսկովիսին հայտնել է, որ ԵՀ-ն «մտադիր է հավաքված նյութերն ակտիվ օգտագործել իր աշխատանքում»: «Եվրախորհրդարանը նաեւ ունի այս ուղղությամբ աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ տվյալները ու կառույցները»,- ասել է նա: Ընդ որում նա հրաժարվել է որեւէ ուղիղ մեկնաբանություն տալ Կանյետեի գործով: