Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի վերանայմանը, որովհետեւ ցանկացած վերանայում նշանակում է Լեռնային Ղարաբաղին դուրս թողնել նաեւ այս զինադադարի պահպանման ֆորմատից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Ղարաբաղյան թեժացում, հետևություններ եւ անելիքներ» թեմայով կլոր-սեղան քննարկմանն նշել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ դա հենց Ադրբեջանի եւ Ռուսաստանի ցանկությունն է:
«Կա 1994թ. համաձայնագիրը, սակայն կա նաեւ պրոբլեմ, քանի որ այդ համաձայնագիրը չօգնեց, որ Ադրբեջանը հարձակում չգործի ԼՂՀ-ի վրա, հետեւաբար, համաձայնագրին ձեռք չտալով, հայկական կողմը պետք է բարձրացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված շփման գծում այդ նոր մեխանիզմների ներդրման հարցը: Դրանք վստահության միջոցառումների միջազգային մեխանիզմներն են՝ իրենց ռազմատեխնիկական բաղկացուցիչներով»,- ընդգծել է Մեհրաբյանը:
Նրա կարծիքով, Հայաստանը մեծ անելիքներ ունի դիվանագիտական դաշտում, եւ հնարավորություն կա ԼՂՀ հետ բերել բանկցային սեղանի շուրջ: «ԼՂ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի: Հնարավոր չէ որեւէ մեկին ամուսնացնել՝ առանց այդ մեկի»,-ընդգրել է փորձագետը՝ հավելելով, որ այն, ինչ այսօր մենք ունենք, հայ զինվորի շնորհիվ է, որը կարողացավ ապտակ հասցնել Ադրբեջանին:
Փորձագետը նշեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում իրականացնելով փորձեց փոխել ստատուս քվոն, սակայն դա նրան չհաջողվեց: Իսկ հիմա, ըստ նրա, անհրաժեշտ է հաջողություններ գրանցել նաեւ դիվանագիտական հարթակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։
Կողմերը պայմանավորվել են ապրիլի 5-ի կեսօրից դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այդ պահից սկսած ուղղակի մարտեր չկան, բայց Ադրբեջանի կողմից կրակոցները պարբերաբար շարունակվում են:




























