Ադրբեջանը միշտ էլ սրել է իրավիճակը, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում բազմիցս խախտելով հրադադարի ռեժիմը։ Այս մասին Sky News Arabia-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչու է ավելի քան 20 տարի անց ղարաբաղյան հակամարտության գոտում սրվել իրավիճակը, Կարեն Միրզոյանը մասնավորապես ասել է. «Ես համաձայն չեմ այն դիտարկմանը, թե 20 տարի այստեղ 1994-ին կնքած հրադադարի ռեժիմը չէր խախտվել։ Ադրբեջանը միշտ էլ սրել է իրավիճակը եւ հատկապես անցյալ տարիների ընթացքում՝ 2014-ից սկսած, դիմել է տարբեր սադրանքների։ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ միջազգային հանրությունը կոչեր են արել Ադրբեջանին, որ նա վերջ դնի լարվածությանը, սակայն այդ կոչերն ադրբեջանական կողմին չհասան, եւ Ադրբեջանը այս տարվա ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական  շփման գծում դիմեց լայնածավալ գործողությունների՝  կիրառելով նաեւ ծանր զինտեխնիկա եւ հրթիռներ արձակելով ոչ միայն զինված ուժերի, այլեւ խաղաղ բնակչության ուղղությամբ»։

ԼՂՀ արտգործնախարարը նաեւ նշել է, որ առանցքային հարց է Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին մասնակից դարձնելը։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Կողմերը պայմանավորվել են ապրիլի 5-ի կեսօրից դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այդ պահից սկսած ուղղակի մարտեր չկան, բայց Ադրբեջանի կողմից կրակոցները պարբերաբար շարունակվում են: