Վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր վիրավորների թիվը կազմել է 121: Նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 10-ը ծանր վիրավորներ են, մնացած բոլորը թեթեւ բեկորային վիրավորումներ են ստացել, որոնց մոտ 90 տոկոսը առաջիկա մեկ շաբաթում կապաքինվեն եւ կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ռազմաբուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով, կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինվորներից միայն մեկի դեպքում է մահվան դեպք գրանցվել (Մարտակերտի հոսպիտալ), մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր վիրավոր զինվոր, ով հասել է վիրահատական սեղանին, փրկվել է, ինչն աննախադեպ ու գերազանց ցուցանիշ է:
«Աշխարհի բանակներում չկա այդպիսի հասկացություն, որ առաջնագծում կատարվեն պլաստիկ վիրահատություններ, որոնցով կարելի կլիներ փրկել վիրավորի վերջույթը, բայց մենք ընդհուպ մեկ վիրավորի ենթածնկային զարկերակի մեծ դեֆեկտի պարագայում պլաստիկ վիրահատում ենք կատարել։ Քանի որ պայքարը գնում է ոչ միայն վիրավորի կյանքի համար, այլեւ հետագա հաշմանդամությունը կանխելու, մենք կարողացել ենք այդ պայմաններում կատարել երկու վիրահատություն, որի արդյունքում ստորին վերջույթները պահպանվել են»,-ասել է Կամավոր Խաչատրյանը՝ հավելելով, որ հնարավորության սահմաններում փորձել են կանխել բոլոր տեսակի ամպուտացիաները:
Կամավոր Խաչատրյանի խոսքով, ապրիլի 6-ին, հակառակորդը կրակել է սանիտարական մեքենաներից մեկի վրա, որի վրա Կարմիր խաչի տարբերանշան է եղել, մինչդեռ միջազգային կոնվենցիայով արգելված է կրակել Կարմիր խաչի վրա: «Ունեցել ենք մեքենայի կորուստ, բայց մարդկային կորուստ չենք ունեցել»,-ասել է նա:




























